Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի նոր մանրամասները. մայր ու որդի մահացել են

Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի նոր մանրամասները. մայր ու որդի մահացել են

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին' ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային: Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և 65-ամյա ուղևորին՝ վերջինիս մորը՝ անզգուշությամբ պատճառել է մահ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: