Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ. Բակո Սահակյան

Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ. Բակո Սահակյան

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

 

Արցախի նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական և հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:

 

Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Իր ելույթում Արցախի ղեկավարը նշել է.

 

«Արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն: Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»։

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդն այսուհետ ևս համատեղ ուժերով կլուծի իր առջև ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն:

«Վստահ եմ, որովհետև գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից», - շեշտել է Արցախի նախագահը:

 

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: