Սարգսյանն ինձ խոսք էր տվել, որ իրեն երկու շաբաթ է պետք․ Ալիևի հայտարարությունը

Սարգսյանն ինձ խոսք էր տվել, որ իրեն երկու շաբաթ է պետք․ Ալիևի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ հնարավոր է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Նա կարծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է մնալ փխրուն:

 

«Պատերազմից հետո իրավիճակը դեռ փխրուն է: Հրադադարը պահպանվում է, բայց չնայած դրան, մենք դեռ շատ հարցեր ունենք հետպատերազմյան իրավիճակի զարգացման հետ կապված», – ասել է Ալիևը՝ Բաքվում կայացած խորհրդաժողովում:

 

Բաքվում գտնվող «Պատերազմի ավարի» պուրակի բացման ժամանակ նա հայտարարել է, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի քառօրյա պատերազմից հետո խոստացել էր նրանց հանձնել Արցախը։

 

«Այն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք սկսվեցին: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց Վիեննայում արդեն տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպում: Ինչո՞ւ մինչ այդ ժամանակ այս մակարդակի հանդիպում չի եղել: Բայց հենց ապրիլյան մարտերի ընթացքում մենք հայերին հարված հասցրինք, անմիջապես մայիսին հանդիպում տեղի ունեցավ:

Հունիսին Ռուսաստանում տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը:

 

Ես համաձայնվեցի, և նա հեռացավ: Դրանից հետո այնտեղ կա՛մ իրենք են կազմակերպել, կա՛մ ինքնին է պատահել, նրանք գրավել են ոստիկանական բաժանմունքը (ՊՊԾ գունդ): Այս պատրվակով նա հրաժարվեց իր խոստումից: Մեզ նորից խաբեցին: Եվ ոչ միայն Սարգսյանը, բոլորը: 2018-ին Նախիջևանի գործողությունն իրականացվեց, մենք նորից դաս տվեցինք նրանց, ևս ցույց տվեցինք, որ այս ամենը վատ է ավարտվելու, մենք կոչնչացնենք նրանց: Եվ դա դաս չծառայեց: Ավելին, դա համընկավ իշխանափոխության հետ: Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն », – ասել է նա։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

 

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

 

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը' թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

 

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով' ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

 

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։