Այսօր իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց երկրում կապի որակի բարձրացմանն ուղղված քայլերի մասին։ Մասնավորապես, Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն վաղվանից Արցախի տարածքում գործելու է բարձրակարգ 3G համակարգ։ Իսկ 4G համակարգ Ստեփանակերտում ու մեծ բնակավայրերում արդեն ծրագրվում է։
«Մինչև պետնախարարի պաշտոնից հրաժարականս դրանից օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ Տելեկոմի միակ սեփականատեր Պիեռ Ֆաթուշի հետ։ Մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ և մատչելի սակագներ։ Նախընտրական փուլում հայտարարել եմ, որ ամիսների ընթացքում ունենալու ենք Հայաստանի կապի որակին համապատասխան կապ։ Իհարկե, աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, բայց կորոնավիրուսի պատճառով սարքավորումները եկել են Արցախ, բայց մասնագետները չեն եկել։ Ղարաբաղ-տելեկոմի մասնագետների հետ հեռավար բանակցելով արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները։ Շատ երկար ու ծանր է եղել։ Վաղվանից յոթ օրվա մեջ Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G համակարգ Ստեփանակերտում ու մեծ բնակավայրերում արդեն ծրագրվում է առաջիկայում, հիմնականում՝ մյուս տարի», -ներկայացրեց նա։
Ըստ Հարությունյանի, ինքը դիմել է Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտում երեք պերատորներին, սակայն մերժում է ստացել։ Արդյունքում եզրակացրել է՝ նոր օպերատորը որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ լինելու են ավելի մեծ բարդություններ։ Ինչ վերաբերում է կապի սակագներին, Հարությունյանն ասաց, որ Արցախում լինելու է Հայաստանի որակի կապ Հայաստանի գնին համապատասխան։
«Հունվարի 1-ից կտրուկ լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսի 1-ից, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գներին համապատասխան կապ», -հայտարարեց Հարությունյանը։



