Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

«Չեմ կարծում, որ սննդամթերքի կամ որևէ այլ բանի խնդիր կարող է առաջանալ, որովհետև տեղի բնակիչները անխափան ելումուտ ունեն, նման խնդիր պարզապես լինել չի կարող»:

 

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Կիրանցի մուտքը ոստիկանների կողմից փակվել է, և այնտեղից տեղեկացնում են, որ հումանիտար խնդիր կա, մասնավորապես սննդի:

 

Հարցին, թե ինչո՞ւ իշխանական պատգամավորները չեն մեկնում Կիրանց, Բաքոյանն արձագանքեց. «Իշխանական պատգամավորները այդտեղ որևէ անելիք չունեն, այդտեղ անելիքներ ունեն համապատասխան ոլորտների ներկայացուցիչները և իրենց աշխատանքը ամենաբարձր մակարդակով իրականացնում են, հետևաբար իշխանական պատգամավորների այնտեղ լինելը որևէ բանով ո՛չ օգնելու է, ո՛չ էլ խանգարելու, և այս դեպքում կարիքը չկա այնտեղ լինելու»:

 

Իսկ թե ինչո՞ւ է Կիրանցում քաղաքացիների մուտքը սահմանափակվել, Բաքոյանն ասաց, որ այդ առումով ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, և դրան ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն չի տեսնում:

 

«Կարծում եմ՝ շատ պարզ ասել են՝ աշխատանքներ են տարվում և տեղյակ են պահել այդ մասին, և նաև ԱԱԾ-ն է հայտարարություն տարածել: Կարծում եմ, որ որևէ իրավունք այստեղ չի խախտվում, պարզապես պետք է հեռու մնալ սադրանքներից և թույլ տալ, որպեսզի աշխատանքները շարունակվեն: Դժգոհություն ունեն որոշակի շրջանակներ, և այդ դժգոհությունը քաղաքական նպատակների համար են օգտագործում»,- ասաց Բաքոյանը, ապա արձագանքելով Վազգեն Գալստանյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին հարցին՝ նկատեց. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը իր օրակարգում նման հարց չունի, և եթե որևէ մեկը ուզում է հանդիպել պատգամավորների հետ, ապա կարող ենք քաղաքացիների ընդունելության օրը գրանցվել և գալ այդ հանդիպմանը, որևէ այլ օրակարգ չկա հանդիպման համար: Որպես Ազգային ողողվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր՝ պաշտոնապես ասում եմ, որ մեր օրակարգում նման հանդիպման մասով չկա որևէ քննարկում»:

 

Բաքոյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ այդ օրակարգը՝ Գալստանյանի հետ հանդիպելու, բացառված է. «ՀՀ ներկա իշխանությունները ընտրվել են ժողովրդի կողմից, և այդ ընտրությունները թափանցիկ և չկեղծված ընտրություններ են եղել, և իշխանությունները ներկայացնում են ժողովրդին»:

 

Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է նաև իմպիչմենտի հարցը, նա արձագանքեց. «Հանգիստ եղեք, ևս մեկ անգամ ասում եմ՝ թող բոլորը հանգիստ լինեն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նման քննարկում չկա և չի էլ կարող լինել»: