Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը երկրորդական է համարում այն, թե ինչ արժեհամակարգի կրող են Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կողքին հավաքված մարդիկ՝ հաշվի առնելով նրանցից որոշների մոտ հայտնաբերված թմրամիջոցը, սառը զենքերը, իրականացրած խուլիգանական արարքները, ինչպես նաև՝ սոցիալական խոցելի խմբերին գումարով շահագրգռելը՝ հավաքներին մասնակցելու համար:

 

Վերջինս հիշեցնում է, որ հայ հասարակությունը վաղուց է ծանոթ նախկին իշխանությունների վարքագծին ու բարքերին, և այդ ամենից ամենևին էլ զարմանալ պետք չէ, իսկ այս շարժման հետևում կանգնած անձինք ի սկզբանե բացահայտված էին։

 

«Պետք է փաստենք, որ այստեղ միավորվել են երեք նախագահներն ու նրանց կուսակցությունները։ Որքան էլ տարօրինակ է, բայց նրանց կողքին այս անգամ կանգնել է նաև Հայ ազգային կոնգրեսը։ Բնականաբար, կան թե՛ Քոչարյանի հետ ֆիքսված դաշնակցությունը, Հանրապետականը, ավելի փոքր կուսակցությունները՝ ԱԺԲ-ն, «Լուսավոր Հայաստանը» և այլք։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ 30 տարին դուրս է եկել Հանրապետության հրապարակ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

 

Ըստ քաղաքական գործչի՝ երկրի նախկին երեք ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել ներքին անհամաձայնությունները, որոնք ունեին միմյանց հետ հարաբերություններում, քանի որ հիմա նրանց թե՛ անձնական, թե՛ տնտեսական շահերը կապված են միայն Ռուսաստանի և Հայաստանում գործող ռուսական համակարգի հետ․ «Միմյանց հետ ունեցած խնդիրները երկրորդ պլան են մղել, որովհետև հիմքն է վտանգված, իսկ նրանց բազմաթիվ օգուտները ՌԴ-ից են։ Մինչև հիմա մեր հասարակության մի մասը, տնտեսությունը, հատուկ ծառայությունները, անգամ հասարակության վերնախավը՝ բժիշկները, ուսուցիչները և այլք, սովետական գաղափարներով են առաջնորդվում, դրա համար էլ վերջիններս հրապարակում հավաքված անձանց մեջ զգալի մաս են կազմում»:

 

Այն, որ այս ուժերի նախաձեռնած յուրաքանչյուր շարժում կամ նախաձեռնություն մերժվելու է՝ պայմանավորված հենց իրենց գործոնով, Խզմալյանը չի բացառում, միևնույն ժամանակ չի հերքում, որ կարևոր փաստեր կան, որոնք պետք է այս գործընթացում նկատի ունենալ։

 

«Բարդ հարց է, որ գնում են ամբողջովին մարման, քանի որ Վրաստանի օրինակով մենք տեսանք, թե ինչպես Սաակաշվիլիի բարեփոխումներից հետո, որոնք երկրին մեծ օգուտներ ու համբավ էին բերել, նախկիները նորից վերադարձան իշխանության ու երկիրը տարան ծանրագույն ճգնաժամի։ Ինչ վերաբերում է մեզ, մի կարևոր կետ կա․ նախկիները Հայաստանում պարտություն են կրել ու դեռ կրում են, ինչպես պարտություն է կրում Ուկրաինայում ռուսական բանակը։ Կարող են լիքը արդյունք խլել, փչացնել մեր ճակատագիրը, սակայն որևէ բան չեն կարող ստեղծել։ Այսինքն՝ նրանք այստեղ հաջողության կհասնե՞ն, թե՞ այդպես էլ կձախողվեն, կախված է ժողովրդից, մեզնից, Կառավարության քայլերից»,- նկատում է նա։

 

Զրուցակցի խոսքով՝ տեսանելի է, թե իրականում ինչպիսի ուժեր են ակցիայի շարքերում՝ Հայաստանի արևմտյան քաղաքակրթության անդամ դառնալու գաղափարին և Եվրաինտեգրմանը դեմ անձինք։ Ըստ էության, զրուցակցի խոսքով, նրանք ուզում են Հայաստանը դարձնել ռուսական գաղութ, սակայն հստակ է, որ իշխանությունները գնում են ՀՀ 200 տարվա պատմությունը փոխելու ճանապարհով:

 

«Այդ ուժերին հասարակությունը պետք է մերժեր՝ բղավելով ոչ միայն «Մերժիր Սերժին», այլ բոլորին, բայց երբ ժողովուրդը գնա դեպի Եվրաինտեգրման հանրաքվեի, ապա նախկինները կարող են լիարժեք «մերժվել, մաշվել»,- կարծում է նա:

 

 

Ըստ զրուցակցի՝ պատմության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ արդիականության գնացող ուժերը բախվում են անցյալ հետ տանող ուժերին, սակայն իշխանությունները հստակ կարող են կողմնորոշվել ու մերժել անցյալը՝ փոխարենը ընտրելով ապագան։

                                                                                                                  Մերի Խաչատրյան