Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Մանսուրյանին

Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Մանսուրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ.

«Հարգելի՛ վարպետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առիթով: Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու:

Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է, որ պատկառանք է հարուցում: Ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետությունում Ձեզ այսքան շատ սիրում: Որովհետև Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները, ցավերն ու բերկրանքը, հիասթափություններն ու երազանքները: Ձեր ստեղծած երաժշտությունը հայաստանցիներն իրենցն են համարում, իրենցն են համարում նաև Ձեզ, և սա ստեղծագործողի, մտավորականի, քաղաքացու այն գերադրական գնահատականն է, որ հնարավոր է ունենալ:

Ինձ համար անմոռանալի են Ձեր պատմություններն Արթիկում ապրած Ձեր մանկական տարիների մասին: Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը, համապարփակ ծրագիր ներդնել այնտեղ, որ դրանում Ձեր անվանն արժանի կրթամշակութային միջավայր ձևավորվի և զարգանա:

Սիրելի՛ վարպետ,

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել: Վերստին շնորհավորելով, մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»: