Գործելու ենք կոշտ ու օրենքին համապատասխան. վարչապետն անդրադարձել է Երևանում անցկացվող ակցիաներին

Գործելու ենք կոշտ ու օրենքին համապատասխան. վարչապետն անդրադարձել է Երևանում անցկացվող ակցիաներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում անցկացվող բողոքի ակցիաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ ուղիղ եթերում:

 

«Բռնություն գործադրելու ոմանց նպատակը Հայաստանի իրավապահ մարմիններին ստիպելը կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ամենատարբեր զարգացումներ լինեն»,-ասաց վարչապետը:

 

Փաշինյանը նշեց՝ ինչպես ԼՂ-ի հարցը տասնյակ տարիներ որոշակի շրջանակների կողմից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում:

 

«Կամ ի՞նչ է նշանակում, որ ուսանողների և մարզիկների կազմակերպված խմբեր զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում: Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի: Մյուսներն էլ հենց ԼՂ-ի բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևանում: Բայց ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը, և կոշտ է: Նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի: Մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, «պողպատե մանդատին» համապատասխան»,-ասաց վարչապետը:

 

Նա ասաց, որ ձերբակալությունները կշարունակվեն, մեղավորները կկրեն պատասխանատվություն:

Վարչապետի, կառավարության հորդորն է այս էմոցիոնալ և բարդ վիճակում պահպանել հանդարտություն ու չանցնել օրենքի գծերը, հակառակ դեպքում գործելու են հակազդեցության համաչափ, բայց կոշտ միջոցներ:

 

Համապատասխան մարմինները սրա վերաբերյալ ստացել են հանձնարարականներ վարչապետից:

 

Երևանի մի քանի հատվածներում միաժամանակ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն առանձին հատվածներում փակել են փողոցները։ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է նաև, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: