Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր՝ սարսափելի մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից

Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր՝ սարսափելի մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

 

«Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Ղոլամհոսեյն Էսմայիլին, որը եղել է Էբրահիմ Ռայիսիին ուղեկցող մյուս ուղղաթիռում, մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից: Ըստ պաշտոնյայի՝ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել և միայն մի հատվածում է ամպ եղել:

«Թռիչքից կես ժամ անց Սունգունի պղնձի հանքի մոտ ամպակույտ կար, բայց մառախուղ չէր: Հնարավոր է, որ  ձորի խորքում մառախուղ լիներ, բայց մեր թռիչքի ճանապարհին մառախուղ չկար։ Ամպերը ուղղաթիռից մի փոքր բարձր էին։ Նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն, որպես հրամանատար, հրահանգեց, որ բարձրություն վերցնենք և ամպերի վերևից ճանապարհը շարունակենք:

 

Ուղղաթիռները մեծացրին թռիչքի բարձրությունը և մոտ 30 վարկյան անց մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը չկա: Ի վերջո ամպերը վերջացան, և Սունգունի պղնձի հանքը տեսանք: Մեր օդաչուն շրջադարձ արեց և հետ վերադարձավ, որ ուղղաթիռը գտնի: Ինձ ասացին, որ հնարավոր է՝ ուղղաթիռն ընկել է, քանի որ 1 ու կես րոպե կապ չունեինք: Մեր ուղղաթիռը մի քանի անգամ պտտվեց և ռադիոկապ էլ չհաջողվեց հաստատել: 30 վարկյանից Սունգունի հանք վայրէջք կատարեցինք:

Ուղղաթիռի ուղևորների հետ կապ հաստատեցինք, ոչ ոք չէր պատասխանում: Հետո մեզ ասացին, որ զանգել են կապիտան Մուստաֆավիի բջջային հեռախոսին և պարոն ալ-Հաշեմն է պատասխանել և ասել, որ ձորն է ընկել, բայց չի ասել, թե ինչ է եղել:

Հետո, երբ ես կապ հաստատեցի պարոն ալ-Հաշեմն ասաց՝ «լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ ինչ է եղել, չգիտեմ՝ որտեղ եմ, ծառերի տակ եմ, ոչ մեկի չեմ տեսնում, մենակ եմ»: Անտառի նկարագրություն տվեց: Մեզ համար պարզ դարձավ, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Շտապօգնություն և բուժանձնակազմ վերցրեցինք և գնացինք տարածք: Պարոն Ալ-Հաշեմի հետ մի քանի անգամ խոսել ենք, երևի մոտ երեք ժամ պատասխանել է զանգերին: Հետո պարզվեց, որ բոլորը միանգամից են նահատակվել, իսկ պարոն ալ Հաշեմը՝ մի քանի ժամ անց: Ոչ պայթյունի ձայն է եղել, ոչ կրակ, ոչ ծուխ։

Ժամը 3-ին, 3 անց կես այդ տարածքում եղանակն ամբողջովին փոխվել է: Երբ փրկարարները հասան տարածք եղանակ ամբողջովին փոխվել էր: Ես չգիտեմ, թե ուղղաթիռային թռիչքի համար եղանակային պայմանների ստանդարտը որն է, բայց այն, ինչն իմ աչքով եմ տեսել, այն էր, որ թռիչքի ժամանակ պայմանները սովորական էին: Միայն մի ձորում և մի շատ սահմանափակ հատվածում ենք ամպ տեսել, որը ես չեմ կարող ասել թռիչքը կանխարգելող գործոն կարող էր լինել, թե չէ»: