Գալստանյանի հերթական սուտը՝ այս անգամ Սուրեն Պապիկյանի մասին

Գալստանյանի հերթական սուտը՝ այս անգամ Սուրեն Պապիկյանի մասին

Այսօր, երբ մետրոյում երիտասարդ աղջիկը «պատին էր դեմ տվել» Գալստանյանին՝ ներկայացնելով նրա կապերը նախկին մերժված ուժերի հետ, անճարությունից ու նյարդերից այլայլված Գալստանյանը փորձեց մի պատասխան գտնել, ու ոտքի վրա ստեց, ասելով,- «Սուրեն Պապիկյանը արդեն 3-րդ տունն է գնում»։

Իհարկե, ողորմելի տեսարան էր, բայց Գալստանյանը մեր աչքը սովորեցրել է ստող եպիսկոպոս տեսնելուն, ոչինչ անել չես կարող։

 

Ինչևէ, պաշտպանության ու նաև մյուս բոլոր նախարարների ողջ ունեցվածքը կարելի է գտնել նրանց հայտարարագրերում, ի տարբերություն օրինակ՝ եպիսկոպոսների։ Մենք գնացինք այդ պարզագույն ճանապարհով, նաև ուսումնասիրեցինք մամուլում առկա հրապարակումները։

 

Ակնհայտ դարձավ, որ նախարարն ու կինը ունեն երկու բնակարանի հիփոթեքային վարկ, որոնցից մեկի արժեքը շատ մոտ է Գալստանյանի Lexus-ի գնին, մյուսը մի քիչ ավելի թանկ է։ Բայց բնակարաններն էլ փաստացի գրավադրված են բանկում, քանի որ ձեռք են բերվել հիփոթեքով ու ամուսինները դեռ երկար տարիներ պիտի հիփոթեք վճարեն դրանք գրավից հանելու ու լիարժեք սեփականատեր դառնալու համար։

 

Իսկ այ թե ի՞նչ միջոցներով է Վազգեն Գալստանյանը ձեռք բերել իր Lexus-ը, անշարժ գույքերը, մյուս մեքենան, բիզնեսներում մասնաբաժինները՝ ստուգել չի ստացվում։ Հատկապես, որ Վազգենը ամեն կերպ խուսափում է ֆինանսական թափանցիկության մասին հարցերից։ Այսօր էլ լրագրողները հարցրին, թե ի՞նչ միջոցներով էր մոտ 5 օր վարձակալել հրապարակի բեմն ու աուդիոտեխնիկան, որի օրական միասնական վարձակալության արժեքը գերազանցում է 20 հազար դոլարը ու նորից չստացան ոչ մի պատասխան։ Այո, այո, 100 հազար դոլրին մոտ գումար ծախսվել է միայն հրապարակի բեմի և տեխնիկայի համար ու ոչ մի ծպտուն այն մասին, թե որտեղից այդ գումարը։ Դրա փոխարեն միայն ստեր, ստեր ու էլի ստեր։

 

Ցինիզմի գերադրական աստիճան էր Պաշտպանության նախարարին մեղադրելը Ազատում 15 զինվորի կյանք խլած հրդեհի համար այն դեպքում, երբ այդ զորամասի կորպուսի շտաբի պետը՝ Միհրան Մախսուդյանը, ով վռնդվել էր միջադեպից անմիջապես հետո՝ իր պարտականությունները թերի կատարելու համար, Գալստանյանի շարժման ամենաակտիվ մասնակիցներից է։ Այն, որ Մախսուդյանի պես կադրերին ՊՆ-ից մի ոտք շուտ չվռնդելու քաղաքական պատասխանատուն իշխանություններն են, անհերքելի է, բայց արդյո՞ք այդ մեղադրանքի բարոյական իրավունքն ունի Գալստանյանը։

 

Ինչևէ, ակնհայտ է, որ Գալստանյանը, վերածվելով քայլող դեղին մամուլի, փորձում է ամեն կերպ իր վրա հրավիրել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը՝ մարած շարժմանը կյանքի փոքրիկ շունչ հաղորդելու համար։ Այս պարագայում երևի ճիշտ կլինի, որ սկսի դեղին հագնել։