Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի կամ բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ դառնալ

Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ:

Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

«Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով:

 

Հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բուժմանը ավելացնում են կամ որպես միակ բուժման միջոց ընտրում են հենց այդ տարբերակը:


Եղևնիների ծաղկափոշին, ինքնին ալերգեն չէ, սակայն շնչելու ընթացքում բազմաթիվ ալերգեններ կարող են ներթափանցել օրգանիզմ և գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում' հիվանդության արտահայտված սրացում, անգամ' կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։

 

Կարևորելով բնության, մաքուր օդի կարևորությունը առողջության համար' պացիենտները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։

 

Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին' ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։

 

Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ' բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ»,- խորհուրդ է տվել ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը։