ԱԳ նախարար Միրզոյանը պահանջել է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Արցախում

ԱԳ նախարար Միրզոյանը պահանջել է ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել Արցախում

Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին։ Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ավելի քան 10․000 մարդ հարկադրաբար տեղահանվել է։ Այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ, 21-րդ դարում։ Ադրբեջանի աչքերում ԼՂ-ում գտնվող երեխաներն ահաբեկիչներ են, նրանց գործողությունները՝ հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին, ԱԹՍ-ներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների դեմ»,- նշել է Միրզոյանը։

Նա նշել է, որ այս ամենը կանխատեսելի էր․ երկար ժամանակ է ահազանգում ենք, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում է բավականաչափ լրջորեն այս ամենին վերաբերվել։

«Միամտություն կլիներ կարծել, թե այս ամենը նախապես պլանավորած չի եղել։ Ադրբեջանական ագրեսիան ծավալվել է բարբարոսաբար, դիտավորյալ։ Սա ողբերգության վերջին արարն էր։  Երբ 2022-ի դեկտեմբերին ԱԽ հրատապ նիստ հրավիրեցինք, այս խորհուրդը համարժեք չարձագանքեց։ Որոշումները չհարգվեցին Ադրբեջանի կողմից, և կրկին խորհուրդը չարձագանքեց։ Միջազգային հանրությունը կասկածամտությամբ արձագանքեց մեր նախազգուշացումներին»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա էլ այս դահլիճում շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։

«Այս մոտեցումը և այս եզրաբանությունն այլևս կիրառելի ու տեղին չեն։ Չկան համակարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է իր պահանջները ԱԽ-ին․

- Դատապարտել մարտական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը
- Պահանջել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից բխող պարտավորությունների լիակատար իրականացում
- Անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում
- Ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կամզակերպությունների համար ԼՂ անխոչընդոտ հասանելիությունը
- Ապահովել կողմերի լիարժեք և բարեխիղճ համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ։
- Ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում և 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերադարձը իրենց տներ ԼՂ-ում
- Ապահովել կենսական պարագաների մատակարարման վերականգնումը
- Անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմանի ազատ տեղաշարժը
- Պահանջել ադրբեջանական ռազմական մարմինները դուրս գան ԼՂ բնակավայրերից
- Բացառել պատժողական գործողությունները ԼՂ քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ
- Հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայությունը ԼՂ-ում։