Գազի բալոնի պայթյուն. կա տուժած

Գազի բալոնի պայթյուն. կա տուժած

Մայիսի 26-ին, ժամը 18:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած:

 

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակից Է. Մ.-ն (ծնված 1981 թ․) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Վնասվել է տեխսպասարկման կետի տանիքի մոտ 25 քմ հատվածը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները (մոտ 4 քմ) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարներն իրականացրել են տանիքի հովացման աշխատանքներ։