13-ամյա աղջիկը մահացել է ականջում սուր ցավի ի հայտ գալուց մի քանի ժամ անց

13-ամյա աղջիկը մահացել է ականջում սուր ցավի ի հայտ գալուց մի քանի ժամ անց

ԱՄՆ-ում 13-ամյա Ջուլիա Չավեսը մահացել է ականջում սուր ցավի ի հայտ գալուց մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է The Augusta Chronicle-ը։

 

Փետրվարի կեսերին աղջիկն իրեն վատ էր զգացել, նա բողոքել էր ուժեղ գլխացավից և ականջում ուժեղ ցավից։ Ծնողները նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց։ Բժիշկները երեխային հակաբիոտիկներ էին նշանակել ու տուն ուղարկել։

 

Կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, աղջիկը կորցրել էր գիտակցությունը տանը, նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Այս անգամ նրան ուղարկել էին ավելի մանրամասն հետազոտության։ Շուտով բժիշկները նրա մոտ լեյկեմիա էին ախտորոշել։

Ընդամենը 12 ժամ անց Ջուլիա Չավեսը մահացավ։ Դիահերձումը ցույց է տվել, որ նրա մոտ արյունազեղումներ են եղել ուղեղում, ստամոքսում և թոքերում։

 

Լեյկեմիայի ախտանիշները՝ գունատություն, հոգնածություն, հաճախակի և առատ կապտուկների առաջացում, շնչահեղձություն, գլխապտույտ, սրտի հաճախության բարձրացում, ջերմություն, կոկորդի ցավ, լնդերի արյունահոսություն, քթից արյունահոսություն, արյան բծեր կամ ցան մաշկի վրա, քաշի անբացատրելի կորուստ, տեսողության վատացում։

 

Ջուլիայի հայրը՝ Դենիս Լի Չավեսը, պատմել է, որ դուստրը պարբերաբար ցավեր էր ունենում գլխի և ականջների շրջանում, իսկ մարմնի վրա հաճախ կապտուկներ էին հայտնվում։

«Երբ նա կապտուկ ստացավ, հարցրինք, թե ինչպես է այն ստացել: Նա ուսերը թափ տալով ասաց. «Չգիտեմ»: Նա չարաճճի էր, և կապտուկը վերագրեցինք նրա գործունեությանը»,- ասել է երեխայի հայրը։

Ջուլիայի մայրը հավելել է, որ իր դուստրը միշտ լավ առողջություն է ունեցել։