What's Hot

    ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման, ինչպես նաև կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիից Հացիկ տանող ճանապարհի հարակից ջրանցքի մոտ։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, 2 ողորկափող հրացան, ատրճանակ, 3 նռնակ և 3 պայթուցիչ։

    Զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Լոռու մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Քաղաքացին ապօրինի պահվող զենք-զինամթերքը թողել էր Վանաձոր քաղաքի շինություններից մեկի մոտ, որտեղ մեկնած իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, նռնականետ, ատրճանակ, 3 հրացան, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տեսակի և տրամաչափի 52 փամփուշտ։

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։