What's Hot

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված պատշաճ և համակողմանի նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վ.Ղ.-ն (Վարդան Ղուկասյան-խմբ.) միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

    «Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ.Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը: Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ.Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը:

    2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը):

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: 

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։