What's Hot

    ԿԸՀ-ից Araratnews-ին փոխանցեցին, որ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազի ներկայացրած միջնորդությունը ստացվել է․ այն այսօր ժամը 17:00-ին փակ նիստով կքննարկվի։

    Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում վաղ առավոտից իրականացնում են քննչական գործողություններ։

    Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

    Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: