
Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության ստացած ահազանգի՝ «Տաշիր Պիցցա»-ի Երևանի մասնաճյուղերից մեկում երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով, ինչն առաքելությունը գնահատում է որպես աշխատանքային իրավունքի խախտում։
«Ականատես» դիտորդական առաքելությունը ստացել է մտահոգիչ ահազանգ «Տաշիր Պիցցա» սննդի կետերի ցանցի Երևանի մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած քաղաքական ճնշումների վերաբերյալ։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ընկերության երեք աշխատակիցներ ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմում ներկայացնել՝ ապրիլի 11-ին կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով։
Առաքելությանը փոխանցված տվյալների համաձայն՝ ընկերության ղեկավարությունը պարտադրել է անձնակազմին ապահովել ներկայություն նշված քաղաքական միջոցառմանը, սակայն որոշ աշխատակիցներ չեն ենթարկվել հրահանգին, ինչի հետևանքով հեռացվել են աշխատանքից։
Աշխատանքից հեռացվածների թվում է նաև մասնաճյուղի մենեջերը, ում նկատմամբ ճնշումները, ըստ ահազանգի, կրել են թիրախային բնույթ՝ կապված նաև վերջինիս՝ «Միասնության թևեր» կուսակցության համակիր հանդիսանալու հանգամանքի հետ։
«Ականատեսն» արձանագրում է, որ աշխատակիցներին հավաքների մասնակցությանը պարտադրելը և հակառակ կարծիք ունենալու համար աշխատանքից ազատելը/ազատման դիմում ներկայացնելուն պարտադրելը ոչ միայն աշխատանքային օրենսդրության խախտում է, այլև պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ և 203-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների ն հատկանիշներ (հավաքին մասնակցելուն հարկադրելը, խտրականությունը)։
«Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն իսկ համապատասխան հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով իրականացնել քննություն և պատասխանատվության ենթարկել աշխատակիցների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրած, նրանց աշխատանքից ազատման դիմում գրելուն պարտադրած անձանց։
Հորդորում ենք բոլոր գործատուներին զերծ մնալ աշխատակիցների նկատմամբ աշխատանքային կախվածությունն օգտագործելով հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն պարտադրելուց և հիշեցնում ենք, որ քաղաքացու կամքի վրա նման կերպ ներազդելը քրեորեն պատժելի արարք է»,- ասված է հաղորդագրությունում։