
«Հանրապետություն» կուսակցության անդամները պատրաստվում են դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են կուսակցության անդամները:
«Այս պահին իրավաբանական թիմն աշխատում է համապատասխան փաստաթղթի վրա, որպեսզի այն փոխանցի ԿԸՀ-ին»,- մանրամասնել են նրանք:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ էր արել դիմել ԿԸՀ այս հարցով։
«Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու այդ հարցով: Դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետև երբ մենք դիմենք, այդ մարդիկ ասելու են՝ ա՛հ, վախեցան՝ ընտրությունները պարտվեն, իրենց մրցակիցներին հանեն: Դուք ինչի՞ չեք դիմում ԿԸՀ: Պարո՛ն Սիմոնյան, Դուք ինչի՞ չեք դիմում, որովհետև դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթն է: Դուք, պարո՛ն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ին…։ Պարո՛ն Սիմոնյան, դա ԿԸՀ-ի լիազորությունն է, ընտրությունների մասնակիցը կարող է դիմել: Ես Ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել։ Մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք այսօր անենք, դուք բոլորդ ասելու եք՝ ա՛հ, վախեցանք ընտրությունները պարտվել ձեր մրցակիցներին: Ո՛չ, նրանք լինելու են դաշտում, և մենք ժողովրդի քվեով նրանց դուրս ենք հանելու,- ասել էր Կառավարության ղեկավարը: