What's Hot

    Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե տարվա ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել են, բայց մերժում ստացել:

    Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ի պատասխան հայտնել է, որ 2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները:

    Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է՝ 805-ի մեջ ԼՂ-ից բռնագաղթած քաղաքացիներ կա՞ն, որոնք դիմել են քաղաքացիության համար և չեն ստացել, քանի որ, ըստ պատգամավորի, ընդդիմությունը շահարկում է, թե քաղաքացիության համար դիմում են և մերժումներ են ստանում:

    «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Ղարաբաղից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում: Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»,- ասել է Խաչատուր Պողոսյանը: