What's Hot

    «Նախատեսվում է 200 նոր 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում: Խոսքը կամուրջների, էստակադների մասին է, որի կարիքն ակնհայտորեն Երևանն ունի»:

    Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Իմիջիայլոց, որ խոսում ենք տրոլեյբուսների մասին, այս թիվը չի վերաբերում այն տրոլեյբուսներին, որոնք ապրիլին պիտի գային, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մի քիչ ուշացան:

    Նախորդ օրը ես տեղեկացա, որ արդեն շատ մոտ են Հայաստանին, և առաջիկա օրերին դրանց մի մասն առնվազն կմտնի ՀՀ»,- նշել է նա:

    Նախատեսվում է նաև ՀՀ տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրում, ինչը նշանակում է, որ բոլոր մարզերում կլինեն հանրային տրանսպորտային ցանցեր:

    «Մեր մարզերի ցավոտ խնդիրներից մեկն այն է, որ բազմաթիվ բնակավայրեր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգեր չունեն, և մենք այս տրանսպորտային ցանցերի ներդրման միջոցով պետք է խնդիրը լուծենք:

    Հիմա որոշ տեղերում ինչ-որ չափով ներդրված է, բայց մենք այս պրոցեսը պետք է շարունակենք, որպեսզի բոլոր բնակավայրերն ունենան կանոնավոր տրանսպորտային չվացուցակներ մարզկենտրոնի հետ, նաև, բնականաբար, Երևանի հետ»,- հավելել է վարչապետը: