
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025/26 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է «արքայական ակումբի» լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես պաշտոնապես հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը, 27-ամյա ֆրանսիացին այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Ավարտված մրցաշրջանում Մբապեն գրանցել է տպավորիչ վիճակագրություն՝ դառնալով Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Լա Լիգայի 31 խաղում նա հեղինակել է 25 գնդակ։ Բացի այդ, ֆրանսիացին գլխավորում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցուցակը՝ իր ակտիվում ունենալով 15 գոլ:
Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի ընթացքում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ խփելով 42 գոլ և կատարելով 7 արդյունավետ փոխանցում։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում նա չորս անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, թեև վնասվածքի պատճառով ստիպված է եղել բաց թողնել մրցաշրջանի վերջնամասի որոշ հանդիպումներ: Ի դեպ, հեղինակավոր Transfermarkt պորտալի գնահատականներով՝ Մբապպեի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 200 միլիոն եվրո:
Սակայն, չնայած հարձակվողի անհատական փայլուն ելույթներին, Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանն ավարտեց առանց տիտղոսների։ Իսպանիայի առաջնությունում մադրիդցիները վաստակեցին 86 միավոր՝ զբաղեցնելով միայն երկրորդ հորիզոնականը:
Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, թիմի առաջխաղացումը կանգ առավ քառորդ եզրափակիչում, որտեղ «սերուցքայինները» երկու խաղերի ընդհանուր 4:6 հաշվով զիջեցին Մյունխենի «Բավարիային»:
Ակումբի շուրջ ստեղծված այս իրավիճակի և մրցաշրջանի ավարտի ֆոնին՝ մայիսի 27-ին հայտնի դարձավ նաև, որ «Ռեալի» նախագահի հերթական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: