What's Hot

    Hayq News կոչվող յութուբյան ալիքը «Թուրքիայից Հայաստան են ներմուծվել կեղծ անձնագրե՞ր, գուցե դրանց հաշվի՞ն է ավելացել Փաշինյանի ձայները» վերտառությամբ տեսանյութ է տարածել։

    Դրանում արվում է պնդում, թե Թուրքիայում տպագրված, ապա Վրաստանով Հայաստան հասած 100 000 հայկական անձնագրերը և 25 000 նույնականացման քարտերն օգտագործվել են հօգուտ կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» արվող ընտրակեղծիքներում։  

    Պնդումը հիմնավորելու համար հղում է արվում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից ընտրելու իրավունք ունեցողների տարբեր տվյալների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումները։ 

    Այն, «ինչ թաքցնում են ժողովրդից», պարզաբանված է օրենքով

    Այսպես, 2026 թվականի հունիսի 6-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել էր հաղորդագրություն՝ նշելով, որ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851։ 

    Մինչդեռ ԿԸՀ-ի հունիսի 7-ի առավոտյան հրապարակած ընտրացուցակներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2․505․102, ինչը 19․251-ով ավելի է ՆԳՆ-ի ներկայացրած ցուցակից։ 

    Նույն օրը, սակայն, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս նշել է՝  վերջնական ցուցակներում ընտրողների թիվը 2․505․102 է։ 

    «Նախնական ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 2 միլիոն 480 հազար 321, իսկ վերջնական ցուցակներում այն հասել է 2 միլիոն 485 հազար 551-ի։ Թվի աճը բնական է, քանի որ նախնական ցուցակների հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ կարգավորել են փաստաթղթերի, հաշվառման կամ այլ վարչական հարցեր, ինչի արդյունքում ընդգրկվել են վերջնական ցուցակներում»,- ասել է Դավթյանը։

    Դավթյանը նշել էր նաև, որ ստացվել է ավելի քան 36 հազար դիմում, որոնցից շուրջ 29 հազարը համապատասխան ընթացակարգերով մշակվել և հաստատվել են։ Դրանց թվում են ընտրողների գտնվելու վայրի փոփոխության, հաշվառում չունեցող անձանց, ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների դիմումները։

    Փաստացի, ավելի քան 19․000 ընտրողի տարբերությունը պաշտոնապես պարզաբանվել է հենց ընտրությունների օրը։ 

    Ապա, տեսանյութի հեղինակը նշում է, թե ԿԸՀ-ից իրենց պարզաբանել են՝ ընտրողների ցուցակներում ավելացված անձանց մասին տեղեկությունը գաղտնի է, և հավելում «ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը, ի՞նչ են թաքցնում ժողովրդից»։ 

    Հատկանշական է, որ ժողովրդից թաքցվող գաղտնիքի մասին հստակ սահմանումներ կան ՀՀ ընտրական օրենսգքրի 8-րդ հոդվածում, որում նշվում է՝ «Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում»: 

    Այսպիսով, տեսանյութում ներկայացված պնդումը, թե իշխանությունները «թաքցնում են» ընտրողների թվի աճի պատճառները կամ ընտրացուցակներում ներառված անձանց վերաբերյալ տեղեկությունները, չի համապատասխանում իրականությանը։ 

    Ընտրողների թվի տարբերությունը պաշտոնապես և հրապարակայնորեն պարզաբանվել է ՆԳՆ-ի կողմից, իսկ որոշ տեղեկությունների չհրապարակումը պայմանավորված է ոչ թե տեղեկատվության թաքցնելու դիտավորությամբ, այլ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներով, որոնք վերաբերում են մասնավորապես զորամասերում հաշվառված ընտրողներին։

    Հետևաբար, «ժողովրդից թաքցվող գաղտնիքի» մասին պնդումը մոլորեցնող է և անտեսում է գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները։ 

    Թուրքիայում տպված 100 000 անձնագրերի հին կեղծիքը՝ նորովի 

    Վերոհիշյալ տեղեկությունը տեղեկատվական տիրույթում շրջանառվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ FIP.am-ն էլ այդ ժամանակ էր պարզել, որ այն կեղծ է։ 

    Այսպես, այդ տեղեկությունն առաջինը՝ հոկտեմբերի 1-ին հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը, հղում անելով վրացական պաշտոնական ինչ-որ աղբյուրների, գրել էր․ «Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր․․․ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ  կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին․․․Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»։  

    Նյութն ամբողջությամբ araratnews.am կայքում։