
Հայաստանում շարունակվող ապատեղեկատվության և թիրախավորված տեղեկատվական արշավների կտրուկ ակտիվացման համատեքստում ԼԳԲՏ անձանց իրավունքների թեման օգտագործվում է վախ, խուճապ և ատելություն սերմանելու նպատակով։
Կարդացեք նաև Մոլդովացի բլոգերներին առաջարկել են Երևանում խոսել ԼԳԲՏ համայնքի մասին․ կասկածելի հաղորդագրության հետքերով
Այս գործընթացների կենտրոնում հաճախ հայտնվում է «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որի դեմ սոցիալական հարթակներում և մեդիա դաշտում շրջանառվում են համակարգված բնույթի մեղադրանքներ, կեղծ տեղեկություններ և մանիպուլյատիվ թեզեր։
«Փաստերի ստուգման հարթակի» իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը ոչ թե առանձին դրվագների, այլ համակարգված ու նպատակային արշավի մասին է, որտեղ ԼԳԲՏ համայնքի հետ կապված հարցերը վերածվում են քաղաքական ազդեցության և հասարակական բևեռացման գործիքի։
Թվային կեղծիք և կազմակերպության անունից կեղծ հաղորդագրություններ
Ապատեղեկատվական արշավի առաջին փուլերից մեկը կազմակերպության կեղծումն էր սոցիալական ցանցերում։ X (նախկին Թվիթեր) հարթակում ստեղծվել էր «Փինքի» անունով ու նույն լոգոյով կեղծ էջ, որը, օգտվելով հարթակի նոր քաղաքականությունից, վճարովի ձեռք էր բերել վերիֆիկացված «կապույտ նշան»՝ փորձելով վստահություն ներշնչել և մոլորեցնել օգտատերերին։ Թեև էջը հետագայում արգելափակվել է, այդուհանդերձ, կատարվածը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող են թվային հարթակները օգտագործվել ապատեղեկատվական արշավների համար։