What's Hot

    Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

    Քննարկմանը մասնակցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

    Քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորությունների, տեխնիկական և գործառնական բաղադրիչների վերաբերյալ հարցեր։

    Ընդգծվել է, որ e-gate համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանային հսկողության գործընթացը, կրճատել քաղաքացիների սպասարկման ժամանակահատվածն ու կատարելագործել նույնականացման մեխանիզմները։

    Նշվել է, որ համակարգը հնարավորություն կտա ավտոմատ իրականացնել կենսաչափական նույնականացում։

    Անդրադարձ է կատարվել համակարգի տեխնիկական սպասարկմանն ու ծրագրային ապահովմանը։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար կարևոր են տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։

    Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: