What's Hot

    Մեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։

    Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում։ Իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր՝ հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։

    Բոլոր դեպքերով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

    Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։

    Ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 6․30-ին, Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց և այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։

    Պատանին ընդունեց, որ հիշյալ ութ հափշտակությունները կատարել է ինքը, նաև հավելեց, որ այդ օրերին Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս։

    Ձեռնարկվում են միջոցներ՝ տուժած բոլոր մեքենայատերերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

    Հանգամանքները պարզվում են։