What's Hot

    Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։

    Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոնա Երիցյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։

    Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հայկ Ասրյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։