What's Hot

    Մասյացոտնի թեմը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան վերջին շրջանում հնչող մեղադրանքների։

    «Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցիալական հարթակներում տարածվող խեղաթյուրված տեղեկությունները, մասնավորապես Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետ Զարգարյանի կողմից հնչեցված մեղադրանքները, որոնց միացել է նաև Սյուզի Բադոյան անուն-ազգանունով հանդես եկող լրագրողը, տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր Մասյացոտնի թեմում տեղի են ունեցել ֆինանսական չարաշահումներ, գումարների վատնում և անհիմն ծախսեր, հարկ ենք համարում հանրության ուշադրությանը ներկայացնել 2026 թվականի Մասյացոտնի թեմի հաշվարկային հաշիվներից «դուրս հանված» դրամական միջոցների համառոտ պատկերը։

    Պետք է ընդգծել, որ 2026 թվականի Մասյացոտնի թեմի տարեկան բյուջեն հաստատել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետը։ Մասյացոտնի թեմը ստեղծման օրից Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդությամբ և հայրական օրհնությամբ կազմավորվել է զրոյից, և նույն կերպ զրոյից ձևավորվել է նաև թեմի բյուջեն։

    Պաշտոնապես և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չի չարաշահվել և չի ծախսվել անտեղի կամ անհիմն նպատակներով։

    Թույլ չենք տալու, որ հանրությանը մոլորեցնելու միջոցով այդ միջոցները օտարվեն թեմից և թեմի առաջնորդի վերահսկողությունից և ծառայեցվեն պետության, ազգի, եկեղեցու, թեմի և թեմի բարեխնամ առաջնորդի դեմ։

    Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը կատարված ծախսերի համառոտ հաշվետվությունը․

    • Մոմի ձեռքբերում — 11 մլն 695 հազար դրամ
    • Վաճառքի համար նախատեսված ապրանքների ձեռքբերում — 2 մլն 148 հազար դրամ
    • Աշխատավարձ 23 անձի համար 4 ամսվա կտրվածքով — 6 մլն 249 հազար 475 դրամ
    • Գրենական և տնտեսական ապրանքների ձեռքբերում 2026թ. 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 125 հազար 530 դրամ
    • Բենզինի ձեռքբերում 2026թ. 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 2  մլն 403 հազար 200 դրամ
    • Կոմունալ վճարներ — 441 հազար 414 դրամ
    • Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում, բնապահպանական հարկ և ԱՊՊԱ — 78 հազար 470 դրամ
    • Քարոզչական առաքելության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 700 հազար դրամ
    • Ներկայացուցչական ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 1 մլն դրամ
    • Հյուրասիրության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 750 հազար դրամ
    • Օգնություն աշխատակիցներին և այլ անձանց՝ նախատեսված նախահաշվով — 1 մլն 440 հազար դրամ
    • Բանկի կողմից գանձված գումար — 5000 դրամ
    • Ավանդի ներդրում — 40 մլն դրամ
    Ընդհանուր դրամական ելքերը կազմել է 67,036,089 դրամ։

    Հետևաբար ակնհայտ է, որ տարածվող մեղադրանքները որևէ փաստական հիմք չունեն և կրում են բացառապես զրպարտչական ու մանիպուլյատիվ բնույթ։

    Զրպարտչական արշավի շարունակության պարագայում համապատասխան անձինք պատասխանատվության կկանչվեն իրավական դաշտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։