What's Hot

    2025 թվականի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բանկային համակարգում առկա անվտանգության թույլ մեխանիզմների հետևանքով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից։ Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

    Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ արձանագրված դեպքերը պայմանավորված են մի շարք բանկերում վերահսկողական մեխանիզմների թերություններով։

    Նրա խոսքով՝ եղել են իրավիճակներ, երբ այդ թերությունների հետևանքով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից։ Մի շարք դեպքերում նույնիսկ այն անձանց անուններով են վարկեր ձևակերպվել, որոնք նախկինում վարկ ստանալու հնարավորություն չեն ունեցել։ Սա տեղի է ունեցել տարբեր մեքենայությունների և թվային համակարգերի ոչ բավարար պաշտպանվածության պատճառով։

    Վարդապետյանը ընդգծել է, որ տուժած քաղաքացիները որևէ կերպ չեն նպաստել խարդախություններին․ նրանք չեն փոխանցել իրենց տվյալները, չեն օգտվել կասկածելի հղումներից և որևէ գործողություն չեն կատարել, որը կարող էր հանգեցնել նման հետևանքների։

    Հաշվի առնելով այս հանգամանքները՝ գլխավոր դատախազը հայտնել է, որ համապատասխան միջնորդագիր է ուղարկվել Կենտրոնական բանկի նախագահին, ինչպես նաև թեմայի շուրջ քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ։

    Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ վարույթներով տուժող են ճանաչվել բանկերը, թեև բանկային համակարգը սկզբնական շրջանում համաձայն չի եղել այդ մոտեցման հետ։

    «Իրավապահ մարմինը այլ կարծիքի էր»,- ասել է Վարդապետյանը։

    Նրա խոսքով՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով բանկերին ուղարկվել են միջնորդագրեր՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության համակարգերը։

    «Մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այդ բանկերում, կարծես, վերացվեցին»,– նշել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ դրանից հետո նմանատիպ սխեմայով մեքենայություններ այլևս չեն արձանագրվել։

    Միաժամանակ Վարդապետյանը նշել է, որ կիբեռխարդախությունների մյուս դեպքերը հիմնականում կապված են քաղաքացիների թվային անբավարար գրագիտության հետ։

    «Քաղաքացիները իրենք են տրամադրում որոշակի կոդեր, որոշակի հղումներով անցումներ են կատարում»,– ասել է նա։

    Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ բանկերին առաջարկվել է ներգրավել լրացուցիչ աշխատակիցների, որոնք հեռախոսազանգերով կկարողանան ճշտել կասկածելի տրանզակցիաները, սակայն նշել է, որ բոլոր գործարքների պարագայում դա գործնականում դժվար է իրականացնել։

    Վարդապետյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում գլխավոր դատախազությունում ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը զբաղվում է բացառապես կիբեռհանցագործություններով։

    «Մասնագիտացված դատախազները մշտապես մասնակցում են միջազգային սեմինարների և վեբինարների՝ տեղյակ լինելու նաև դարկնեթում կիրառվող գործիքների և դրանց քննության մեխանիզմների վերաբերյալ»,- նշել է նա։

    Գլխավոր դատախազի գնահատմամբ՝ վերջին տարիներին և ամիսներին կիբեռհանցագործությունների քննության որակը զգալիորեն բարելավվել է։