
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը օրերս ՀՀ ՆԳՆ ՊԾ ղեկավար կազմին դարձյալ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է շարունակի նախ կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները, ապա հայտնաբերել այն օրինախախտ վարորդներին, ովքեր չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները՝ այդ կերպ նաև վթարային ու վտանգավոր իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։
Գ. Զաքարյանը հայտնել է նաև, որ Երևանում աշխատանքները պետք է ղեկավարեն ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանը, ՊԾ Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանը, իսկ մարզերում՝ գումարտակների հրամանատարներն ու նրանց տեղակալները, և անձամբ իրենք ենք պատասխանատվություն կրելու, եթե օրինախախտ վարորդներին պարեկները հանդուրժեն։
Պարեկային ծառայությունը նաև ակտիվ աշխատանքնեը է շարունակում տանել ազգաբնակչության հետ, ինչի արդյունքն է, որ Պարեկային ծառայությունում օրինախախտների քարտադարանը ամեն անգամ հարստանում է ՊԾ-ին տրամադրված՝ օրինախախտ վարորդների «օյինբազություններով», որոնք նկարահանվում են տեսախցիկների կողմից, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա տեղադրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Քըրք Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) փողոցում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները չարամտորեն խախտել են «Range Rover» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Կարճ ժամանակում պարեկները ձեռք են բերում նշված օրինախախտումը հաստատող տեսանյութ, ինչից հետո ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Ա. Ստեփանյանի հանձնարարականով ՊԾ հետախուզական խումբը հայտնաբերում է «Range Rover»-ի վարորդին, իսկ ՊԾ Երևանի գնդի հրամանատար Ա. Խաչատրյանի հանձնարարականով հայտնաբերվում է «Hyundai»-ի վարորդը։
2 վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության ։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ նշված ավտոմեքենաների կողմից կատարված խախտման վերաբերյալ։