What's Hot

    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը, որը 16 տարի եղել է երկրի իշխանությունը, պարտվել է խորհրդարանական ընտրություններում։

    Օրբանն արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել իր աշխատանքը ընդդիմադիր դաշտում։

    Վերջին ընտրություններից հետո Պետեր Մագյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է, այլև հնարավոր է ապահովի սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։

    Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներով։ Քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկից հետո «Տիսա»-ն ստացել է 199 տեղերից 138-ը, ինչը նշանակում է, որ այն, հավանաբար, կունենա սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։

    Օրբանի գլխավորած իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 55 տեղ։ Եվս վեցը ստացել է ծայրահեղ աջ «Mi Hazánk» («Մեր Հայրենիք») կուսակցությունը։ Խորհրդարան մտնելու համար Հունգարիայի կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% շեմը։

    Հունգարիայի օրենսդրության համաձայն, վերջնական ձայների հաշվարկը պետք է ավարտվի ոչ ուշ, քան շաբաթ օրը՝ ապրիլի 18-ը։

    Վերջնական ձայների հաշվարկին չսպասելով՝ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մագյարին հաղթանակի կապակցությամբ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները պարզ են՝ դրանք ցավոտ անվանելով, և հավելել, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային ընդդիմության դիրքերում։

    Երկուշաբթի երեկոյան Բուդապեշտի կենտրոնում աջակիցների հաղթական հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Մագյարը ամբոխի ծափահարությունների ներքո հայտարարել է. «Մենք դա արեցինք»։

    Տիսայի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այդքան շատ ընտրողներ չեն մասնակցել։

    Ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ հայտարարվեց, որ ընտրություններին գրանցվել է ընտրողների ռեկորդային՝ 74.23% մասնակցություն։