What's Hot

    Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։

    «Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է:

    Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

    Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

    Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

    Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն էր հայտնել, նշելով, որ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ։