
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, Խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։
Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանային խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Նախագահը խոսել է նաև «TRIPP» նախագծի նպատակների ու հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային կապերի ու տնտեսական զարգացման գործում:
Նախագահը կարևորել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը, որը համարվում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման գործընթացում կարևոր քայլ՝ նպաստելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Նախագահը շեշտել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել նախագահին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։


