What's Hot

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։

    «Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

    Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը

    Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․

    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,

    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,

    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խոր սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

    Ինչպե՞ս օգտվել

    Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

    Կարևոր է իմանալ

    Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)»,- ասվում է հաղորդագրությունում։