
Հայաստանը կշարունակի աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ։ Այդ մասին հուլիսի 9-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական կողմի հայտարարություններին։ Նա շեշտել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի ներքին հարցեր չեն քննարկվում։
«Սահմանադրության փոփոխման օրակարգը ներառված է նախընտրական ծրագրում, կա նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, և 726 000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան է, որ ԱԺ-ում ուժերի տրամաբանությունն այնպիսին չէ, որ մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգը կա, սա նախընտրական պարտավորություն է, պետք է դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանն նշել է, որ նոր Սահմանադրության նախագիծը պայմանավորված է «Քաղաքացիական պայմանագրի» վարչության որոշումով։
«Սահմանադրական նախագծի մասով հապաղումը նրանում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից շատերն ունեին առաջարկներ, մենք հասկացանք, որ նախընտրական շրջան է մոտենում, և հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարող քննարկել։ Որոշել ենք ժամկետը հետաձգել ընտրություններից հետո, որ քննարկենք։ Առաջարկների ներկայացման այդ ժամկետը սպառվել է, առաջարկները քննարկվել են, մի առաջարկ է մնացել, որի շուրջ պետք է որոշում կայացնենք, որից հետո կհրապարակենք տեքստը։ Մինչև տարեվերջ կհրապարակենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանազատմանը նա ասել է, բոլոր մնացած հարցերը պետք է ավարտվեն։ Փաշինյանը հիշեցրել է իր նախկին դիրքորոշումները անկլավների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն ունի Արծվաշենը։
Նա նաև ասաց, որ վերջերս նկատել է՝ Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզներում Արծվաշենն արձանագրված է որպես անկլավ։
«Սա շատ կարևոր նրբություն է, և մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով քարտեզների նկատմամբ ճշգրիտ մոտեցում ցուցաբերենք։ Մենք չպետք է առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ով ինչ վերցրել է իր վերահսկողության տակ, իրենն է, այլ պետք է առաջնորդվենք խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ. այն, ինչ դե յուրե, համաձայն Խորհրդային Միության վերջին նշանակության տրամաբանության, պատկանում է կողմին, պետք է այդպես առաջնորդվենք»,- ամփոփեց Փաշինյանը։