What's Hot

    Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն այս ուսումնական տարում նույնպես իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ համաձայն ընդունելության նոր կարգի։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Ընդունելության նոր կարգով և թվայնացման նոր ընթացակարգերով պայմանավորված՝ ընդունելության հայտերի ներկայացման գործընթացում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ․ համակարգը պարզեցվել է, մի շարք տվյալների և փաստաթղթերի ներբեռնումը դարձել է ինքնաշխատ։

    Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

    Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.

    Քայլ 1. Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10-ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի: