What's Hot

    ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձևավորվող համայնքը։

    Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

    Մրցանակային ֆոնդ

    • Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
    • Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
    • Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
    • Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ

    Մասնակցության հիմնական պայմանները.

    Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բացառապես երաժշտական խմբերը, որոնց կազմում ընդգրկված ներկայացուցիչները պետք է լինեն 13-ից 35 տարեկան, իսկ խմբի կազմը պետք է ներառի առնվազն 3 անդամ։


    Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին:

    Ելույթները պետք է իրականացվեն բացառապես կենդանի կատարմամբ (Live Performance), իսկ մասնակից խմբերը պետք է հանդես գան վոկալ-գործիքային կազմով։

    Ընդունվում են բոլոր երաժշտական ժանրերի հայտերը:

    Փառատոնային ծրագիրը պետք է բաղկացած լինի առավելագույնը 3 ստեղծագործությունից՝ 10-12 րոպե ընդհանուր տևողությամբ։

    Հայտերը կարող են ներկայացնել նաև օտարերկրյա ներկայացուցիչները։ Մասնակցության հնարավորություն է նախատեսված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող և գործունեություն իրականացնող երաժշտական խմբերի համար (մասնակցության հետ կապված ծախսերի փոխհատուցում ծրագրով նախատեսված չէ):   

    Հայտերի ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ։

    Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա 2026 թվականի օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։

    Փառատոնի հաղթողները կորոշվեն մասնագիտական ժյուրիի և հանդիսատեսի համատեղ գնահատման արդյունքում՝ 50/50 սկզբունքով, ինչը կապահովի մասնագիտական գնահատականի և հանրային ընտրության հավասարակշռված համադրությունը։

    «Վարչաֆեստ 2026»-ը նպատակ ունի դառնալու ոչ միայն երաժշտական մրցույթ, այլև երիտասարդության, մշակույթի և ստեղծարար մտքի զարգացման ամենամյա հարթակ՝ նպաստելով նոր տաղանդների բացահայտմանը, ստեղծագործական համագործակցության ընդլայնմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի մշակութային ճանաչելիության բարձրացմանը։

    «Միացե՛ք Հայաստանի երիտասարդական երաժշտական ամենասպասված փառատոնին և դարձե՛ք նոր երաժշտական պատմության մասնակից»,- կոչ են անում փառատոնի կազմակերպիչները։