
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել՝ ներկայացնելու ChatGPT Edu գործիքը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն կստանան՝ ԿԳՄՍՆ-ի, OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցության արդյունքում։ Մինչև սեպտեմբեր պետք է իրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ և վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելով գործընթացի մեկնարկը նոր ուսումնական տարվանից։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը, Օփեն ԷյԱյ-ի՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնը, պատվիրակության այլ անդամներ։
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ կրթության համակարգում հետևողականորեն ընդլայնվում են արհեստական բանականության (ԱԲ) կիրառմանն ու ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Նախարարի խոսքով՝ այս գործընկերությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար, քանի որ երկրում արդեն իսկ ձևավորվել է արհեստական բանականության կրթության և կիրառման զարգացման կայուն հիմք։ Հանրակրթական դպրոցներում հաջողությամբ իրականացվում են «Արհեստական բանականության սերունդ» և «STEP.ai» կրթական ծրագրերը, որոնք նպաստում են սովորողների ԱԲ-ի հիմնարար գիտելիքների, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև ԱԲ գործիքների անվտանգ, պատասխանատու և արդյունավետ կիրառմանը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որն իրականացվում է FAST հիմնադրամի հետ համագործակցությամբ, արդեն իսկ արձանագրել է շոշափելի արդյունքներ՝ արժանանալով միջազգային ճանաչման։ Ծրագրի մասնակիցներից մի քանիսը հաջողություններ են գրանցել և մրցանակների արժանացել միջազգային տարբեր մրցույթներում, ինչը վկայում է նախաձեռնության արդյունավետության մասին։
Արհեստական բանականության կրթական ծրագրեր են ներդրվում նաև միջին մասնագիտական և բարձրագույն կրթության մակարդակներում․ 2026 թվականի սեպտեմբերից ԵՊՀ-ում կներդրվի նաև ԱԲ ուղղության նոր բակալավրի կրթական ծրագիր:
Անդրադառնալով ոլորտի զարգացման հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում իրականացվող արհեստական բանականության խոշոր նախաձեռնությունները նոր հնարավորություններ են ստեղծում կրթության, գիտության և տնտեսության միջև համագործակցության խորացման համար՝ նպաստելով երկրի ներգրավվածությանը միջազգային տեխնոլոգիական գործընթացներում։ Նրա գնահատմամբ՝ այս զարգացումները զգալիորեն ընդլայնում են կրթական համակարգի հնարավորությունները և ստեղծում միջազգային կապերի զարգացման նպաստավոր պայմաններ։
ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ տեխնոլոգիական ցանկացած նախաձեռնության հաջողությունը պայմանավորված է մարդկային ներուժի զարգացմամբ։ Այդ առումով առանձնակի կարևոր են կրթական համայնքի կարողությունների զարգացումը, մասնագիտական վերապատրաստումները և շարունակական աջակցությունը, որոնք հնարավորություն կտան լիարժեք օգտագործել արհեստական բանականության գործիքները՝ ի շահ կրթության որակի բարելավման։
Օփեն ԷյԱյ (OpenAI) հարթակի համագործակցության պատասխանատու Ալինա Լեոնն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ համագործակցության հիմնական ուղղություններից են կրթական համակարգում արհեստական բանականության պատասխանատու և անվտանգ կիրառման խթանումը, ինչպես նաև դասավանդողների և սովորողների կարողությունների զարգացումը՝ տեխնոլոգիական գործիքներն արդյունավետ օգտագործելու նպատակով։
Ամփոփելով հանդիպումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել, որ կրթական հաստատությունների համար նախատեսված ChatGPT Edu հարթակը կդառնա արդյունավետ գործիք թե՛ բարձրագույն կրթության համակարգում՝ դասախոսների և ուսանողների, թե՛ հանրակրթության ոլորտում՝ ուսուցիչների և ավագ դպրոցի սովորողների համար։ Նա կարևորել է ոչ միայն տեխնոլոգիայի ներդրումը, այլև դրա շուրջ ամբողջական քաղաքականության ձևավորումը՝ ներառյալ կարգավորումները, ռիսկերի կառավարման մեխանիզմները և անվտանգ օգտագործման սկզբունքները։
Տեղեկացնենք նաև, որ նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu հարթակի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ այն ազգային կրթական համակարգում որպես կայուն և երկարաժամկետ բաղադրիչ ներառելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։