What's Hot

    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հայթաղ գյուղի 41-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում։

    Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 41-ամյա տղամարդու բնակության վայր։ Վերջինս բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Հայթաղ գյուղի բնակչի տանը կից շինությունում հայտնաբերվել է 30,1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները նույնպես թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Ըստ տեղեկության՝ Արմավիր քաղաքի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պատրաստում թմրամիջոց։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 28 բույս։ Նա հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։

    Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։