
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին տեղեկությունը «Araratnews»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով՝ այն նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ի մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17-ին՝ ժամը 12։12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ կան տուժածներ։
Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: