What's Hot

    Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Ազատության պողոտա Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet Volt և Nissan մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

    Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչագան Նանյանը ու Հովհաննես Հարությունյանը։

    Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։