What's Hot

    Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյուներին և տապալել դրանք, ինչի հետևանքով էլեկտրասյուները հայտնվել են երթևեկելի հատվածում և ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի երթևեկելի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Գարեգին Մխիթարյանի գլխավորությամբ։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Աղասի Եղշատյանը, պարեկներ Վիգեն Մխիթարյանը, Ստեփան Պլուզյանը, Կարեն Քառյանը, Էդվարդ Պապիկյանը և Վոլոդյա Թումասյանը։

    Երթևեկությունը վերականգնելու նպատակով դասակի հրամանատար Ֆ․ Բարեքյանը  քաղաքացիների օգնությամբ հեռացրել են հենասյունը երթևեկելի հատվածից, ինչից հետո երթևեկությունը վերականգնվել է։

    Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փասատթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։