What's Hot

    Այն, որ կուսակցությունները սովորաբար ավելի շուտ են արդյունքները ամփոփում, քան ԿԸՀ-ն, դա ընդամենը մեր կյանքից, մեր կարգավորումներից բխող իրողություն է: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պարզաբանելով, թե ինչու են քաղաքական ուժերը ավելի շուտ հայտարարում արդյունքների մասին, քան ԿԸՀ-ն:

    Նրա խոսքով՝ երբ տեղամասում քվեարկությունն ավարտվում է, կուսակցությունների, քաղաքական ուժերի վստահված անձերը անմիջապես տվյալները հաղորդում են իրենց քաղաքական ուժին, բայց որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները հրապարակի, ամբողջ տեղամասը արդյունքները ամփոփելուց հետո պետք է ամբողջ փաստաթղթերը հավաքի պարկերում, ոստիկանների ուղեկցությամբ  դրանք տեղափոխվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն այդ պարկերը պետք է ընդունի: 

    Հովակիմյանն այնուհետև ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունենում արդյունքների արձանագրման գործընթացը, որի ավարտից հետո նոր միայն ԿԸՀ-ում այդ տվյալները արտացոլվում են: 

    «Այն փաստը, որ միշտ քաղաքական ուժերը մոտավորապես 2-3 ժամ, երբեմն ավելի շուտ, ավելի արագ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական երևույթ է, այստեղ որևէ կասկածելի բան չկա: Սա է իրողությունը: Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ից պահանջում է, որպեսզի նախնական արդյունքները հրապարակվեն 24 ժամվա ընթացքում: Մենք ըստ էության մոտավորապես 15 ժամում նախնական արդյունքները ամփոփել ենք»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը: