What's Hot

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

    Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: