
Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային։ Araratnews-ին ՀՀ դատախազությունը մանրամասներ է հայտնել Երևանում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում մեկ տարեկան տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով կա ձերբակալված։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ մեկ տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության հետևանք է։
Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ կինը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրել է ֆիզիկական ներգործություն, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել։ Այս, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետով: