Հանգիստ առաջ գնա, ոտքդ գազի ոտնակից մի՛ վերցրու

Հանգիստ առաջ գնա, ոտքդ գազի ոտնակից մի՛ վերցրու

Newarmenia.am լրատվականը գրում է.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե սկսել է լուրջ վերաբերվել նախկիններին: Մարդն ինչ-որ վտա՞նգ է զգում նրանցից, հեղաշրջման հո՞տ է առնում, թե՞ մեզ է ուզում հիշեցնել, որ իր այլընտրանքը հենց նրանք են: Սրանցից որն էլ խելքին մոտ լինի, ինչ-որ բան այն չէ վարչապետի հաշվարկներում:

 

Իր վերջին live-ում մարդը մուննաթ էր գալիս «պարզ չէ», թե ում վրա: Ինքը երբեք էլ իր աթոռին հաստատուն նստող մարդու տպավորություն չի թողել, անընդհատ շարժվում է այդ աթոռի մեջ: Մուննաթն էլ նրանից հեռու չէ: Բայց վերջին live-ում այն «փաթեթավորված» էր զգոնությամբ, թե իբր իր տակից աթոռը փախչում է: Հետևաբար այդ մուննաթը ժողովրդին չէր ուղղված, այլ «աներևույթ» ուժերին, որոնք նախկիններն են: Այլ ուժեր վարչապետի տեսադաշտում չեն ուրվագծվում: Կամ մեզ է ցույց տալիս, թե իբր նրանք վտանգ են ներկայացնում իրենցից: Ասենք, Վանեցյանը կամ Միքայել Մինասյանը:

Ո՞վ է այս մարդուն խաբել: Ինչու՞ իրեն առավել վստահ չի զգում, ումի՞ց է վախենում կամ ումո՞վ է վախեցնում մեզ: Այսօր նրա իշխանությանը ոչինչ չի սպառնում, ոչ մի հեղաշրջում էլ չի սպասվում այն պարզ պատճառով, որ չարդարացված սպասումներն ու խաբված սպասումները նույն բանը չեն: Սպասումներն, այո, դեռ մինչև վերջ չեն արդարացել, բայց հեղափոխություն իրականացրած հասարակությունն իրեն խաբված, մեծ հաշվով, չի զգում: Չէ՞ որ նա խաբեբաներից է ազատվել, որոնցից նույնիսկ սպասումներ չի ունեցել: Այո, նախկիններն անընդհատ սրում են վիճակը, ամեն ինչ փորձում են անել, որ այս իշխանությունը երևա կամազուրկ, անընդունակ, այո, մտադիր են ավելի սրել իրավիճակը ու հրաժարական պահանջել: Այսօր արդեն խիստ լսելի են հրաժարականի կոչերը: Բայց որևէ մեկը տեսնու՞մ է, որ ինչ-որ մեկը արձագանքի այդ կոչերին: Կամ կա՞ որևէ բանական մարդ, որ դրան լուրջ վերաբերի:

Բայց այնպես չէ, որ նրանք՝ նախկինները, մթնոլորտ են պղտորում հենց հրաժարականի համար, նրանք իրենց վախերն ունեն հանձին ՍԴ կազմի փոփոխության, «Ապօրինի գույքի բռնազավթման մասին» օրենքի, դատավորների վեթինգի հետ կապված: Նրանք ուզում են հասնել այն բանին, որ վարչապետը ուղղակի ոտքը դնի արգելակին ու շատ առաջ չգնա: Նրանք մթնոլորտ են պղտորում, որ վարչապետը տատանվի ու դանդաղի: Խոսում են ինչ-ինչ բանակցությունների մասին: Բայց վարչապետը դրա կարիքը չունի: Դրա կարիքը չունի ու բացարձակապես ուշադրություն չպետք է դարձնի, թե ինչ են ասում նախկինները, ինչով են սպառնում և ինչքան հեռու կարող են գնալ իրենց ապակայունացմամբ: Դու իշխանություն ես ու երկու տարի հասարակությունը սպասել է բարեփոխումների: Այդ բարեփոխումները հիմնական ուղղություններով տեղի չեն ունեցել ու հենց դրանով լեզու են դրել նախկինների բերանը: Երկու տարի առաջ նրանց ծպտունը չէր լսվում, երկու տարի առաջ մտքներով չէր անցնի, որ առաջիկա 10 տարում «խաղեր տալու» տեղ ունեն: Իսկ հիմա, խնդրեմ, հասել են այն բանին, որ վարչապետն արդեն նրանց live է «նվիրում»:

Բայց, կներես, հասարակությունը քեզ իշխանություն է տալիս հենց ի հեճուկս նրանց, որոնց 20 տարի չէր կարողանում իշխանության աթոռներից պոկել: Դու էդ հասարակությանը թողել ես ու գնացել նախկինների հետ «բազարների» մեջ ես մտնում: Ինչ-որ բա՞ն է փոխվել ժողովրդի մոտ նրանց հանդեպ: Ժողովուրդը քեզ լիազորել է իր անունից նրանց հետ լեզու՞ գտնել: Թե քեզ համար հեղաշրջման ուրվական են նկարել ու մատուցել, ու դու որոշել ես հաշվի նստել այդ ուրվականի հետ: Հանգիստ առաջ գնա, ոտքդ գազի ոտնակից մի վերցրու: Այնքան գործ կա անելու: Ո՞վ է կասկածում, որ նրանք այսուհետև էլ կշարունակեն իրենց պահել այնպես, ասես քաղաքական լուրջ ընդդիմություն են ու դու իրենցից վախենալու բան ունես: Միայն մի դեպքում կարող ես վախենալ նրանցից՝ եթե ժողովրդից չես վախենում:

Իսկ մունաթդ կարող էր պետք գալ, երբ դեռ Հայաստանում էին Գագիկ Խաչատրյանի որդին, Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին: Մենք մեր մուննաթով հեղափոխություն ենք արել, քո մուննաթով պիտի հեղափոխությունը քայլ առ քայլ դառնա գործ: