ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով այսօր աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրած պաշտոնյաներն են՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյան, ՆԳ նախարար Վահե Ղազարյան, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան, իսկ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:
Նշենք, որ պաշտոնյաների ազատման մասին լուրերը շրջանառվում էին դեռևս նախորդ օրը։
Վարչապետը նույնպես անդրադարձավ թեմային, հայտարարություն անելով, որ խնդրել է պաշտոնյաներին ազատման դիմումներ գրել, և այդ պատճառները անձնավորված չեն. «Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը խոսելով դատական, իրավական և ուժային կառույցների մասին, նշել էր, որ բարեփոխումների արդյունքները չի տեսնում և իր համբերության բաժակը լցվել է, հայտարարելով՝ 2018-ից ի վեր ինչ պահանջել են՝ կառավարությունը տվել է, ինչ ցանկացել են՝ արվել է՝ իրավապահ համակարգը բարեփոխելու համար ահռելի ներդրումներ են արել, որ հասարակությունն արդարության պակասից չդժգոհի, հանցավորությունը նվազի, սակայն արդյունքներ չկան, իսկ հանրությունը հենց վարչապետից է ակնկալում. «Ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ։ Չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որևէ մեկի գործի մեջ։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա»։