Քննարկվել են Հայաստանի և ԱՀԿ միջև համագործակցության ընթացքը և հեռանկարային ուղղությունները

Քննարկվել են Հայաստանի և ԱՀԿ միջև համագործակցության ընթացքը և հեռանկարային ուղղությունները

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային' հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

 

Շնորհավորելով Սիդարթա Սանկար Դատտային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության ամրապնդման և ընդլայման կարևորությունը՝ ուղղված Հայաստանում առողջապահության որակի և ներառականության բարձրացմանը:

 

Այս համատեքստում Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առողջապահական կարիքների ու Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածների խնդիրների հասցեագրմանն ուղղված օպերատիվ արձագանքը, ինչպես նաև կազմակերպության կողմից աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահության նախարարությանը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՀԿ միջև ծրագրային համագործակցության առկա ընթացքը և հեռանկարային ուղղությունները: