Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյանը՝ հայկական կողմին փոխանցված մասունքների մասին

Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. Գոռ Աբրահամյանը՝ հայկական կողմին փոխանցված մասունքների մասին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները, տեղեկացնում է․

 

«Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։

 

2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- գրել է Աբրահամյանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։