Պատերազմից խուսափելու հնարավորությունը վիժեցրել են Սարգսյանը, Քոչարյանը և ներկայացումներ տվող խմբակը. Ալեքսանյան

Պատերազմից խուսափելու հնարավորությունը վիժեցրել են Սարգսյանը, Քոչարյանը և ներկայացումներ տվող խմբակը. Ալեքսանյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արձագանքելով հարցին, թե Կառավարության ծրագիրը չե՞ն տապալել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ:

 

 

«Այն, ինչը գրել ենք, ամեն ինչ արել ենք, որ իրականանա, ուրիշ բան, որ ԼՂ-ում տեղի ունեցած իշխանազավթումը և մնացածը խաթարել են այդ բոլոր պրոցեսները: Այդ ամենի արդյունքում իրենց կապիտուլյացիոն ուժերի կողմից ԼՂ-ում ձևավորվել է մի իշխանություն, որը ստորագրել է ԼՂ լուծարման հրամանագիրը, որը 120 հազար հոգու դարձրել է փախստական, այդ մարդկանց երեսից, այդ կապիտուլյացիոն ուժերի կողմից՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի»,- ասաց Ալեքսանյանը:

 

 

Դիտարկմանը, թե նրանք տեղի ունեցածի հետ կապ չունեն, վերջինս պատասխանեց. «Նույն Արցախի մասի՞ն եք խոսում, որ լուծարվել է Սամվել Շահրամանյանի հրամանագրով, դրա մասի՞ն եք խոսում: Ով որ նախագահ է դարձել այն ուժերի ձեռամբ, ովքեր այսօր փողոցում միտինգ են անում»:

Արձագանքելով մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե ուժի սպառնալիքով իշխանություն են պահում, Ալեքսանյանն ասաց, որ վերջինս ինչ-որ բան խառնում է.

«Մենք ոչ Ռոբերտ Քոչարյանն ենք, որ ոստիկանությամբ իշխանության գանք, ոչ Սերժ Սարգսյանն ենք, մենք եկել ենք ժողովրդի քվեով, հասկանում եմ, որ գուցե «5-րդ ալիք»-ին դա խորթ լինի, բայց ժողովուրդը տենց է՝ ընտրում է իշխանություն, իշխանությունը պաշտոնավարում է՝ ինչքան որ ժողովրդի քվեն է»:

Կրկին խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Ալեքսանյանն ասաց, որ երբ առաջարկել են անջատում հանուն փրկության բանաձևը, դա մի մեծ բում է բարձրացրել:

 

«Մենք ասել ենք, որ դա իրագործելու համար պետք է նախ ասել, որ հիմա ԼՂ-ն Ադրբեջանում է ու պետք է անջատվի, մի հատ ընենց բում է բարձրացել: Երևանում միտինգ անողները եկել, ասել են՝ այ ազգադավներ, թուրքեր, սրիկաներ, ասել ենք՝ գնացեք Սոֆիայում բանակցեք, ԼՂ իշխանություններ, այդ նույն միտինգ անող ԼՂ պատգամավորներն ասում էին՝ թուրքեր, սրիկաներ, չհամարձակվեք գնալ Սոֆիայում բանակցելու: Չեն գնացել Սոֆիա բանակցությունների, ստացել են պատերազմ ու ստորագրել ԼՂ-ի լուծարման հրամանագիրը:

 

Էդ պատերազմից խուսափելու հնարավորություն կար՝ գնալով Սոֆիա բանակցությունների, ինչը վիժեցվել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և այս օրերին փողոցում տարատեսակ թատերական ներկայացումներ տվող խմբակի կողմից»,- նշեց Ալեքսանյանը: